Մարիամ Փաշինյան. Ոմանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, անիրականանալի է

Մարիամ Փաշինյան. Ոմանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, անիրականանալի է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին իրեն սպասարկող ամենագնաց գնելու մասին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մեքենան, որի մասին խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով, իսկ նախկինների հետ իրենց նույնականացնելու ոմանց երազանքը անիրականանալի է:

Նա նշել է, որ ապրում է պարզ, սովորական մարդկային կյանքով:

«...Մեքենան օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության) չգիտեմ, թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել՝ նոր է թե հին (մինչև հիմա էլ չգիտեմ): Մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխությունները ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:

Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքը իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագրոծվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և իհարկե ծախսվում են հազարավոր դոլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար:

Իսկ ծառայություն մատուցող լրատվական կայքերը, որոնք ունեն հստակ առաջադրանք քարոզչություն տանելու և մեր մասին թյուր տպավորություն ստեղծելու, ստեղծագործական և աշխատանքային իմաստով ճգնաժամի մեջ են: Ինձ գաղտնի նկարում են մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս (որը, ես իմիջիայլոց, անում եմ արդեն 1,5 տարի), նյութի մեջ դնում սուտ տեղեկատվություն և համարում իրենց առաջադրանքը կատարված: Առաջարկում եմ այդ գումարներն ու ռեսուրսները ներդնել ավելի օգտակար գործի մեջ, քանի որ, ձեր առաջադրանքը` մեզ ներկայացնել սխալ լույսի ներքո, երբեք էլ իրականություն չի դառնալու»,-ասվում է Մարիամ Փաշինյանի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինայնին սպասարկում էնոր ավտոմեքենա: Politik.am-ի՝ «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ մեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով և հղում արել ՀՀ համապատասխան օրենքին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---