ՀՀ սահմանին վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկ չի հայտնաբերվել

ՀՀ սահմանին վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկ չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հայաստանի պետսահմանի անցման կետերով երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

2 անձի մոտ արձանագրված ցանի և ջերմության համակցումը և մեկի մոտ անհայտ ցանավորումը կարմրուկի հետևանք չեն եղել։

Ավելի վաղ վարակիչ հիվանդության կասկածով 18 անձ էր մուտք գործել ՀՀ, իսկ Դուբայ-Երևան չվերթի մեկ ուղևոր արտահերթ դուրս էր բերվել: Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել էր համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Հետադարձ կապի արդյունքում ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ Ամանորի շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի և «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները և ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում սահմանային անցակետերում վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտք էր գրանցվել երկիր․ բոլորն էլ ժամանել էին Վրաստանից։

Տարածաշրջանում կարմրուկի առումով առկա մտահոգիչ մի շարք միտումների առումով ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակից խուսափելու ամենաարդյունավետ ուղին դրա դեմ պատվաստումն է։ ԱԱՏՄ-ն պատվաստումների գործընթացի վերահսկողությունը պահում է ուշադրության կենտրոնում՝ բացառելու խնդիրները։

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---