Արթուր Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է 2 քրգործով

Արթուր Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է 2 քրգործով

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը հունվարի 30-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, PanARMENIAN.Net ին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանը հարցաքննվել է 2 քրեական գործի շրջանակում. մեկը գաղտնալսման քրգործն է, մյուսը՝ ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների դեպքով քննվող գործը: Երկու քրեական գործի շրջանակում էլ Վանեցյանը վկայի կարգավիճակ ունի»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ գաղտնալսման գործի հետ կապված՝ զննվել է նաև ԱԱԾ նախկին պետի բջջայինը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեում որպես վկա հարցաքննվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսազրույցների գաղտնալսման դեպքով:

2018-ի սեպտեմբերին համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրույթունը: Նրանք քննարկում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:

Դեկտեմբերի 5-ին համացանցում էր հայտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---