ՀՌՀ. Հանրայինը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը

ՀՌՀ. Հանրայինը խախտել է Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության «Լուրերով» հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութում խախտվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը, հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Լուրերի» ռեպորտաժում ներկայացվէլ էին Թովմասյանին առաջադրված 2 մեղադրանքի մանրամասները: ՍԴ նախագահի փաստաբանական թիմն այն անվանել էր քրգործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի «ցինիկ խախտման ցայտուն օրինակ»։

Ըստ հանձնաժողովի՝ առաջին հերթին, այդ սկզբունքը խախտել է Հատուկ քննչական ծառայությունը:

«Անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը չի կարգավորվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով և չի նախատեսում տուգանքի կամ այլ պատժի կիրառում»,- ասվում է ՀՌՀ հայտարարության մեջ:

Ըստ ՀՌՀ-ի՝ օրենսդրական նմանատիպ բացերը նվազեցնում են Հանձնաժողովի կարգավորման հնարավորությունները և սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքը` ստանալու օբյեկտիվ, անկողմնակալ, ատելության խոսքից և մանիպուլյացիաներից զուրկ տեղեկատվություն:

«Հանձնաժողովը տարակուսանք է հայտնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հրաժարվել է իր պարզաբանումները ներկայացնել հանրությանը վերը նշված տեսանյութի կապակցությամբ՝ նշելով, որ հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ խորհուրդը պարտավոր է արձագանքել:

2019-ի դեկտեմբերի 27-ին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---