Ռևազյան. ՀՀ քաղավիացիան իրավունք չունի թույլատրել դեպի Արցախ թռիչքները

Ռևազյան. ՀՀ քաղավիացիան իրավունք չունի թույլատրել դեպի Արցախ թռիչքները

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրավունք չունի դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ, քանի որ դա քաղաքական խնդիր է, հայտարարել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշել է, որ Արցախի օդանավակայանի գործարկման թեմայով շատ քննարկումներ են ունեցել, որովհետև լուծումներ գտնելու ցանկություն կա:

«Բայց փաստն այն է, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանը որոշել է օդային տարածքը փակել։ Մենք, որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք դեպի Արցախ թռիչքների թույլտվություն տալ։ Դա քաղաքական խնդիր է, որը մեր մակարդակով չի կարող լուծվել», - հայտնել է նա։

Պատգամավոր Սասուն Միքայելյանն ի պատասխան հետաքրրքվել է՝ արդյոք Հայաստանը միջազգային ատյաններում փորձում է այս թեմայով քննարկումներ անցկացնել։

«Մեր մակարդակով՝ ոչ, ավելի բարձր մակարդակով՝ չեմ ուսումնասիրել։ Սա մեր մակարդակի լուծում չէ, սա քաղաքական խնդիր է», - հայտարարել է Ռևազյանը։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974-ին և հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից ու Բաքվից։ 1992-ից օդանավակայանը չի գործում:

Այն նախատեսվում էր վերագործարկել 2011-ի մայիսի 9-ին, բայց, ըստ արցախյան կողմի, դա հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Ադրբեջանի քաղացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը ժամանակին հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն իրավասու է ոչնչացնել Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Դրան ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե պատրաստ է լինել Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևորը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---