Նախագահը ստորագրել է հակածխախոտային օրենքները

Նախագահը ստորագրել է հակածխախոտային օրենքները

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հակածխախոտային օրենքների փաթեթը, որով արգելվում է հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը:

Նախագահը ստորագրել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և հարակից 4 օրենքը:

Օրենքների նպատակն է հասնել Հայաստանում ծխախոտի օգտագործման, սպառման նվազեցմանը, պահպանել բնակչության առողջությունը՝ պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության ցուցանիշները:

«Չեմ կարծում, թե այնտեղ, որտեղ նախ մեր սթափ մտածելու կարիքը կա, առաջին հերթին օրենսդրական կարգավորում է պետք: Իհարկե, օրենքը գծում է որոշակի սահմաններ, որոնց պետք է ենթարկվել: Սակայն ձեզնից յուրաքանչյուրի որոշումն է՝ մտածել, թե չմտածել ձեր, ձեր ընտանիքի, մեր ժողովրդի, մեր երկրի առողջության մասին: Մյուս կողմից՝ թե ծխողները, թե չծխողները մեր քաղաքացիներն են, և օրենսդրական որևէ, թեկուզ հանրօգուտ նպատակով սահմանափակում չպետք է միմյանց հանդեպ որևէ անհանդուրժողականության պատճառ դառնա»,- ասել է նախագահը:

Երկար բանավեճերից և քննարկումներից հետո փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։ 2021-ի հունվարի 1-ից 150-200,000 դրամ տուգանք կսահմանվի նաև, եթե ծխախոտը տեղադրվի կամ ցուցադրվի դրա իրացման համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։

Կարդացեք նաև՝ Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---