Վայոց Ձորում մոտ 749 կգ մսի իրացում է կասեցվել

Վայոց Ձորում մոտ 749 կգ մսի իրացում է կասեցվել

PanARMENIAN.Net - Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում մշտադիտարկման արդյունքում մսի իրացման 11 կետից 9-ում հայտնաբերվել է 749 կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Ըստ ՍԱՏՄ-ի՝ մսի վաճառակետերում վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով:

Հայտնաբերված մսից 307 կգ եղել է խոշոր եղջերավոր կենդանու, 442 կգ-ն՝ ընդհանուր քաշով խոզի միս: Հայնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր են տրվել:

Ըստ ՍԱՏՄ-ի՝ սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

Հուլիսի 1-ից ՀՀ-ում վաճառքի ենթակա կենդանու միսը պարտադիր կմորթվի սպանդանոցներում՝ հատուկ սանիտարահիգիենիկ պայմաններով: 2020-ի հունվարին տասնյակ ֆերմերներ և գյուղացիներ բողոքում էին պարտադիր սպանդանոցային մորթի դեմ՝ նշելով, որ երկրում չկան անհրաժեշտ քանակի սպանդանոցներ, իսկ մորթն այնտեղ կազմակերպելը լրացուցիչ ծախս է: Բողոքի ցույցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու ժամկետը երկրաձգվում է մինչև 2020-ի հուլիսի 1-ը՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն անդրադառնալու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---