ՀՀ-ում հեռավար կրթության հարթակ է գործարկում

ՀՀ-ում հեռավար կրթության հարթակ է գործարկում

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկում է հեռավար կրթության հարթակ:

Այն մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերին նվիրված քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը 2 դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:

«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ: Կան հեռավար կրթության կազմակերպման ոլորտում հաջողված փորձ ունեցող դպրոցներ, որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա ներուժը, որպեսզի հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու հասանելի լինի բոլորին»,- նշել է Անդրեասյանը:

Արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

Միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են գործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց ռեսուրսներն ու հմտությունները:

Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453 և էլեկտրոնային հասցեով:

Առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։

Հայաստանի ուս.հաստատությունները փակ են մարտի 13-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---