ՀՀ նախագահն Աֆեյանի հետ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման ընթացքն է քննարկել

ՀՀ նախագահն Աֆեյանի հետ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման ընթացքն է քննարկել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ քննարկել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման ընթացքը:

Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահն Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

Հեռախոսազրույցի ընթացքում Աֆեյանն անդրադարձել է պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:

Նախագահ Սարգսյանը` խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և գործակցությունը միջազգային գործընկերների հետ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---