ԱՀ ԱԳՆ․ 1920-ի Շուշիի կոտորածն Ադրբեջանի՝ Արցախը նվաճելու փորձերի գագաթնակետն էր

ԱՀ ԱԳՆ․ 1920-ի Շուշիի կոտորածն Ադրբեջանի՝ Արցախը նվաճելու փորձերի գագաթնակետն էր

PanARMENIAN.Net - 100 տարի առաջ՝ 1920-ի մարտի 23-ին տեղի ունեցած Շուշիի կոտորածն ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու` երկու տարի տևած փորձերի գագաթնակետն էր։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում ջանում են Շուշիի վերածննդի համար, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման։

Հայտարարության մեջ նշվում է, որ 100 տարի առաջ նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը, որի հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները. քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:

«Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց:

Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։

Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու` երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։

«1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն շեշտում է, որ միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց հետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։

1920 թ. մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործած Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---