Փաշինյանի մոտ ավարտական քննությունների կազմակերպումն են քննարկել

Փաշինյանի մոտ ավարտական քննությունների կազմակերպումն են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրում ուսհաստատություններն ու դպրոցները դասերն անցկացնում են հեռավար ռեժիմով, տեղաշարժման խիստ սահմանափակումներ կան։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուս.հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որը մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:

Փաշինյանն ընդգծել է առաջադիմության բարձր մակարդակ ունեցող ուսանողներին աջակցելու կարևորությունը և հանձնարարել ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:

Հեռավար դասերի անցկացման խոչընդոտներից մեկն աշակերտների և ուսուցիչների տեխնիկապես պատրաստ չլինելն է։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ում մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ չունի տեխնիկական համապատասխան միջոց՝ առցանց դասերին միանալու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---