Սարգսյանի հոդվածը L'Orient-Le Jour-ում․ Ցեղասպանության ճանաչումը կարող էր կանխել հետագա ոճրագործությունները

Սարգսյանի հոդվածը L'Orient-Le Jour-ում․ Ցեղասպանության ճանաչումը կարող էր կանխել հետագա ոճրագործությունները

PanARMENIAN.Net - Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է և մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում և կրկնության բացառում, հետևանքների վերացում: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածում, որը հրապարակվել է լիբանանյան L'Orient-Le Jour ֆրանսալեզու պարբերականում։

«Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված: Ճանաչումն ու դատապարտումը կարող էին կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների։ Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին համամարդկային արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց»,- գրել է նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը։

«Ոմանք ասում են, թե արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, դա անցյալ է, և պետք է նայել ապագային: Ես էլ ասում եմ՝ մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է։ Մենք հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին: Սարգսյանը նշել է, որ Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը»,- նշվում է հոդվածում։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---