Փոխնախարար․ Կարող ենք պահպանել արտոնյալ պայմաններով արտահանումը դեպի ԵՄ

Փոխնախարար․ Կարող ենք պահպանել արտոնյալ պայմաններով արտահանումը դեպի ԵՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը հնարավոր է դեռ կարողանա պահպանել դեպի Եվրամիություն արտահանման արտոնյալ պայմանները, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով` ավելի քան 10 տարի Հայաստանն ապրանքների մեծ մասը դեպի ԵՄ երկրներ արտահանում է զրոյական կամ իջեցված մաքսային տուրքերով, դրանք տարածվում են Հայաստանից արտահանվող ապրանքների մեծ մասի վրա։

Սիմոնյանը նշել է, որ 2018 թվականից Հայաստանն բնակչության մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների խմբում է։ Փոխնախարարը հիշեցրել է, որ համաձայն GSP (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) կարգավորման, եթե երկիրը 3 տարի անընդմեջ ունենում է միջինից բարձր եկամուտ, ավտոմատ դուրս է գալիս այդ համակարգից։

2018-ին հանրապետության ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է $4212 դոլար՝ Համաշխարհային բանկի տվյալներով։ Ընդ որում՝ միջինից բարձր մակարդակը սկսվում է $3896-ից (2019-ի համար այն վերանայվել է, սակայն Համաշխարհային բանկը Հայաստանի մասին 2019–ի տվյալներ չունի)։

«Այսպիսով, Եվրախորհուրդը նախատեսել էր, որ 2022-ից Հայաստանը դուրս կգա GSP ռեժիմից։ Բայց հնարավոր է, հաշվի առնելով ներկայիս պայմանները, այդ ժամկետը երկարաձգվի։ Դա կախված կլինի տարեվերջի մեր տնտեսական ցուցանիշներից»,- հայտնել է Սիմոնյանը։

Նա նշել է, նաև, որ 2023-ին Եվրամիությունը մտադիր է վերանայել ամբողջ GSP համակարգը, ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների համար։ Ըստ փոխնախարարի՝ դեռ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի այդ վերանայումը։ Բացի այդ, Սիմոնյանն ընդգծել է, որ հայկական ձեռնարկությունները պետք է գիտակցեն, որ տրված արտոնությունը ժամանակավոր էր։

ՀՀ-ն դեպի Եվրամիություն արտահանում է հիմնականում լեռնամետալուրգիական արտադրանք՝ պղնձի խտանյութ, ֆերոմոլիբդեն, ինչպես նաև ալյումինե փայլաթիթեղ։ ՀՀ-ն մի շարք անուն ապրանքների մասով արտոնյալ պայմաններով արտահանում և ներմուծում է իրականացնում նաև ԵԱՏՄ տարածքում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---