Զոհրաբյանն ԱԺ-ում բռնության ենթարկված կանանց ֆոտոներ է ցուցադրել. Որոշ կանայք չգիտեն իրենց իրավունքները

Զոհրաբյանն ԱԺ-ում բռնության ենթարկված կանանց ֆոտոներ է ցուցադրել. Որոշ կանայք չգիտեն իրենց իրավունքները

PanARMENIAN.Net - ՀՀ-ում բազմաթիվ կանայք կան, որոնք պետք է հասկանան, որ իրավատեր են, եթե նրանք չլինեին, Ազգային ժողովը չէր ընդունի նաև ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ բազմաթիվ կանայք չգտեն իրենց իրավունքները։

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը ՀՀ-ում ընդունվել է 2017-ի դեկտեմբերի 8-ին։

Պատգամավորը հայտնել է, որ ընտանեկան բռնութան մասին օրենքի ընդունումից հետո իրավապահ համակարգում բռնության ենթարկված կանանց թիվն «աննշան է ավելացել»: Նրա խոսքով՝ օրակարգն այս հարցում բաց պետք է լինի և խնդիրները չպետք է պարտակվեն։

Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ցուցադրել է բռնության ենթարկված կանանց լուսանկարներ, նրա ելույթին տեղից արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Զոհրաբյանը խնդրել է պատգամավորին «չոգևորվել»՝ հայտնելով, որ ինքը թեմային անդրադառնում է ոչ Հակոբյանի ելույթի համար։

Զոհրաբյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին հաջորդած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին։

Հակոբյանը նշել էր, թե ՄԻՊ զեկույցում առկա ձևակերպումը, թե «կինն ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է», անընդունելի է։ Պատգամավորի խոսքով՝ նման ձևակերպմամբ կարելի էր զեկույց կարդալ 20-րդ դարի 20-30-ական թվականներին, սակայն 21-րդ դարում ՄԻՊ-ի զեկույցում անթույլատրելի է կանանց իրավունքերի մասին խոսել երկու տողով՝ նշելով, որ «կինը մարդ է և արժանապատիվ»։ Պատգամավորը հորդորել էր կանանց իրավունքներին անդրադառնալ առավել համապարփակ։

Զոհրաբյանն իր հերթին նշել է, որ չի հասկանում, թե ինչու ՄԻՊ ձևակերպումը, թե կանայք իրավատեր են, «ընդվզում առաջացրեց»։

Զոհրաբյանը նշել է, որ իրեն մի կին է դիմել, որի վրա ամուսինը «գրաֆիկով սիգարետ էր հանգցնում», և այդ կինը չգիտեր իր իրավունքներն ու վախենում էր դիմել ոստիկանություն։ Պատգամավորի խոսքով՝ նրան պետք է բացատրել, որ իրավատեր է ու պահանջատեր։

Մեկ այլ օրինակով նա պատմել է, որ իրեն դիմած կանանցից մեկին, ով ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, կարողացել են տնից դուրս հանել, սակայն նրա մայրը զանգել ու իրեն զգուշացրել է, որ քիթը խոթել է իր աղջկա կյանքի մեջ։

«Մենք չգիտենք, թե լատենտ բռնությունն ընտանիքներում կանանց և երեխաների հարցով ինչ չափերի է հասնում։ Նույն եզդիական համայնքում մենք չգիտենք՝ ինչ է կատարվում»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ կանայք ևս պետք է փոխեն իրենց մտածելակերպը։

Իր եզրափակիչ ելությում ՄԻՊ Արման Թաթոյանը պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին զգուշացրել է՝ ձայնը չբարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա և չխոսել իր հետ «իշխանական դիրքերից»։ Թաթոյանը կոչ է արել Հակոբյանին «չսպառնալ ՄԻՊ-ին», քանի որ կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները։ Թաթոյանը նշել է, որ կանանց իրավունքներին իր զեկույցում հսկայական բաժին է նվիրված, իսկ պատգամավորը չգիտի, որ ՄԻՊ-ը կանոնադրությամբ չի աշխատում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---