Թորոսյանը՝ դիմակի անարդյունավետության իր կոչի մասին․ Ասել եմ, երբ դեֆիցիտ կար

Թորոսյանը՝ դիմակի անարդյունավետության իր կոչի մասին․  Ասել եմ, երբ դեֆիցիտ կար

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով ամիսների առաջ դիմակների անարդյունավետության մասին իր նկատառումներին, հայտարարել է, որ խոսել է այդ մասին այն ժամանակ, երբ դիմակների մեծ դեֆիցիտ կար, ընդ որում ամբողջ աշխարհում։ «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախարարն ասել է, որ անկեղծ է պատասխանում այդ հարցին։

Մայիսի 18-ից պարետատան նոր որոշմամբ քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը պարտադիր է նաև բաց տարածքներում։

«Այդ կոչն արել եմ այն ժամանակ, երբ կար դիմակների մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում: Այդ կոչերը, այդ թվում նաև ԱՀԿ-ի կողմից, միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասցնելուն։ Որպեսզի գոնե 20-ապատիկ վտանգի ենթարկվող բժիշկները դիմակի պակաս չունենային»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ դիմակ կրելը կարևոր է, քանի որ պաշտպանում է կողքինի շնչառությունից և ձեռքերը բերանին հպելուց՝ հատկապես տրանսպորտում և փակ տարածքներում:

Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդներից ծայրահեղ ծանր վիճակում է 32 պացիենտ, ծանր վիճակում` 65-ը։ Թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա, 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---