ՀԾԿՀ․ Գազի գինը որոշակի բարձրացման կարիք ունի, 10 տարվա կայուն և կանխատեսելի արժեք է քննարկվում

ՀԾԿՀ․ Գազի գինը որոշակի բարձրացման կարիք ունի, 10 տարվա կայուն և կանխատեսելի արժեք է քննարկվում

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկներն էլ են փաստել, որ գազի այսօրվա գինը որոշակի բարձրացման կարիք ունի, հայտնել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Այժմ «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում ենք առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Հիմա սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի այս ամիս»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Բաղրամյանի խոսքով` հաշվարկների մեթոդիկան ենթադրում է առաջիկա 10 տարվա համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ մոտ $500 մլն, և նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում։ Այսինքն` առաջիկա 10 տարվա կանխատեսելի սակագնային մարժա կգործի։

ՀԾԿՀ նախագահը հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել $283 (մոտ 137,000 դրամ) 1000 խմ համար, իսկ այսօրվա գործող սակագինը $255 (123,000 դրամ) է։ ՀԾԿՀ-ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է $266.7 (մոտ 129,000 դրամ) գումար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գնի փոփոխություն չլինի։

Նա հայտնել է, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10,000 խորանարդից ավելի սպառում ունեցողների համար։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հայաստանի ներսում սպառողների համար սակագներն արդեն երկրորդ տարին է` չեն փոխվում. տնային տնտեսությունների համար գազի գինը նախկինի պես կազմում է 139,000 (1000 խմ դիմաց) կամ մոտավորապես $290:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա