Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել` նշելով, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշումն օրենքի խախտմամբ է իրականացվել։

Նշվում է, որ հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

«Այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից և Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի: Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը և հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել և դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Նշվում է, որ նույնիսկ խուզարկությունների ընթացքում ոչ մի անգամ որևէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որևէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանին:

«Կարծում ենք, որ այս գործընթացները նման գաղտնիության ռեժիմով իրականացնելու միակ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը ևս քաջ գիտակցում է դրանց անօրինականությունն ու անհիմն լինելը, ուստի այդ կերպ ՀՀ քաղաքացի Արտյոմ Խաչատրյանին և Խաչատրյանների փաստաբանական թիմին զրկել են այդ գործընթացներին ներգրավվելու, անօրինականությունները բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու, ինչպես նաև Արտյոմ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հնարավորությունից»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։:

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, դեռևս ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) իր առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը և հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Իր հայտարարության մեջ նա նաև նշել էր, որ նույնաբնույթ գործողություններ կիրականացվեն նաև իր եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաև իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

«Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում նշված պաշտոնատար անձինք «իրենց խոսքի տերն են», և իրար հետևից իրականություն են դարձնում նույն հայտարարությունում նշված «խոստումները», որոնք այս անգամ արդեն դրսևորվել են Արտյոմ Խաչատրյանին ևս անօրինական և անհիմն կերպով ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելով, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով ու հետախուզում հայտարարելով»,-ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---