Թորոսյան․ Ներողություն որոշ սխալների համար

Թորոսյան․ Ներողություն որոշ սխալների համար

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում թույլ տրված սխալների և հապաղումների մասին քննադատությանը, ասել է, որ ուզում է ներողություն խնդրել որոշ սխալների համար։

«Ուզում եմ անկեղծ լինել և միգուցե ներողություն խնդրել որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել և նաև բացատրեմ, թե որոշումների կայացման ընթացքում ինչ սկզբունքերով եմ առաջնորդվել»,- նշել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ կորոնավիրուսը նոր հիվանդութուն է և դրա վերաբերյալ տեղեկատվությունը դեռևս ամբողջական չէ: Նա մի շարք հարցեր է ներկայացրել վիրուսի տարածման, դրանից պաշտպանվելու, ախտանշանների մասին՝ նշելով, որ դեռ վերջնական կարծիք չկա։

«Այս անորոշություններն են պատճառը, որ մենք միգուցե ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, որովհետև այստեղ չենք եղել ընդհանրապես։ Ես չեմ վարանում ասել, որ մենք ինչ-որ բաներում կարող էինք ավելի այլ կերպ վարվել, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես, բայց հնարավոր է այլ որոշում լիներ»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ այս ամիսների ընթացքում շատ բան են սովորել՝ նաև վիրուսի մասին։ Թորոսյանը խոսել է նաև դիմակների անհրաժեշտության մասին։

«Երբ ասում էի, որ պետք չէ փողոցում դիմակ կրել, 2 հանգամանք կար․ առաջինը՝ համաշխարհային դեֆիցիտը, 2-րդը՝ հայտնի չէր, թե բաց և փակ տարածություններում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում։ Գիտելիքը փոխվել է, և սխալ կանեինք, եթե շարունակեինք «հին» գիտելիքի վրա հիմնվելով ուղղություն ցույց տալ։ Այդ փոփոխությունները մեր նոր գիտելիքի և մեր սովորելու հիման վրա են արվում և այդպես է աշխարհի բոլոր երկրներում»,- նշել է նա։

Նախարարն ասել է, որ ՀՀ-ն այս պահին հարուստ փորձ ունի կորոնավիրուսի դեմ պայքարում, և հայ բժիշկներն արտակարգ դրությունից հետո կարող են օգնություն ցույց տալ նաև բարեկամ երկրներին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության գործողություններին և քաղաքական ուժերի քննադատությանն ու հրաժարականների պահանջներին, ասել էր, որ ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է: Վարչապետն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը նույնացվում է պատերազմական իրավիճակի հետ և նշվում, թե պատերազմի ժամանակ ձախողած հրամանատարին հեռացնում են։ Արձագանքելով նման դիտարկումներին` նա հարցրել էր, թե ինչ են անում պատերազմի ժամանակ «կեղծ տեղեկություն, խուճապ տարածողների հետ, հրամանատարի դեմ խոսողների հետ»։ Ըստ վարչապետի՝ նրանց դատում են ռազմական իրավիճակի համաձայն, սակայն իրենք ժողովրդավար են, այդպիսի բան չեն անում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---