Լիտվայից ՀՀ կժամանի 8 բուժաշխատող և 3 փորձագետ․ Հայաստանին բժշկական սարքեր ու թեստեր կնվիրաբերվեն

Լիտվայից ՀՀ կժամանի 8 բուժաշխատող և 3 փորձագետ․ Հայաստանին բժշկական սարքեր ու թեստեր կնվիրաբերվեն

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Լիտվայից Հայաստան կժամանեն 8 բուժաշխատող, 3 փորձագետ, նրանք նաև բժշկական սարքեր և ախտորոշիչ թեստեր կնվիրաբերվեն Հայաստանին, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ անցկացվել է Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույց, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։

Արսեն Թորոսյանը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ, այդ պատճառով էլ դիմում են գործընկերների օգնությանը:

Աուրելիուս Վերիգան ներկայացրել է Հայաստան ժամանող բուժաշխատողների կազմը, նրանց փորձառությունը և այն սպասելիքները, որ կարող է ունենալ Հայաստանը: Նախարարը շեշտել է, որ կամավորների թիմն ի սկզբանե զբաղվել է կորոնավիրուսի բուժմամբ և կարող է նաև կազմակերպչական հարցերով օգտակար լինել:

Ավելի վաղ Ֆրանսիայից բժիշկներ էին Հայաստան ժամանել, ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանի 50 բժիշկ։

Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,033-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 302 դեպք կա, այլ պատճառով՝ 99։ Առողջացածների ընդհանուր թիվը 6814 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---