Ոստիկանությունը քաղաքացիների՝ ՀՀ ելումուտի հետ կապված փոփոխություններ է առաջարկել

Ոստիկանությունը քաղաքացիների՝ ՀՀ ելումուտի հետ կապված փոփոխություններ է առաջարկել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունն օրենսդրական փոփոխություններ է առաջարկել Հայաստանի քաղաքացիների՝ երկիր ելումուտի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար, փոխանցում է «Հետքը»։

Նոր օրինագծով ոստիկանությունն առաջարկում է ՀՀ քաղաքացու` Հայաստան մուտք գործելու և դուրս գալու համար նախատեսել մի շարք պահանջներ։

Հայաստանից ելքի իրավունքը ժամանակավորապես սահմանափակվում է, եթե քաղաքացին պարտադիր զինծառայության կամ այլընտրանքային ծառայության մեջ է գտնվում:

Մինչև պարտադիր զինծառայության ավարտը մի շարք դեպքերում զինծառայողի ելքը կարող է թույլատրվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի միջնորդությամբ:

Քաղաքացու՝ ՀՀ-ից ելքի իրավունքը սահմանափակվում է նաև, եթե նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, դատապարտվել է հանցագործություն կատարելու համար մինչև հիմնական պատժի կրման ավարտը կամ օրենքով սահմանված կարգով պատժից ազատվելը, երկրից ելք կատարելիս չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը կամ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր կամ հիմքեր կան ենթադրելու, որ ներկայացված փաստաթղթերը կեղծ են։

Քաղաքացիների ելքը կարող է սահմանափակվել նաև մի քանի այլ դեպքում։

Ոստիկանության առաջարկած օրենսդրական նոր կարգավորմամբ՝ ՀՀ 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները երկրից կարող են մեկնել ծնողներից առնվազն մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ չափահաս այլ անձի ուղեկցությամբ: Եթե 14 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված քաղաքացիները մեկնում են չափահաս այլ անձի ուղեկցությամբ, ապա ծնողներից առնվազն մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրվում է նոտարական կարգով վավերացված համաձայնություն` մեկնելու վայրի և ժամկետի մասին նշումով:

«Ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանի մուտք գործելու և հանրապետությունից ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը»,- հայտնում են ոստիկանությունից։

14 տարին չլրացած քաղաքացու անձնագրում ծնողների վերաբերյալ տվյալները ծնողների անձնագրում առկա տվյալների հետ չհամապատասխանելու դեպքում ուղեկցող ծնողը ՀՀ սահմանի անցակետում անձը հաստատող փաստաթղթի հետ միասին պարտավոր է ներկայացնել ազգակցական կապը հիմնավորող փաստաթղթեր:

Առանց ուղեկցողի մեկնող 14-16 տարեկան ՀՀ քաղաքացին վավեր անձնագրից բացի սահմանի անցակետերում պետք է ներկայացնի իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրված նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` Հայաստանից ելքի մասին: Այդ համաձայնության մեջ պետք է նշում լինի մեկնելու, վերադարձի ժամկետների և այն պետությունների վերաբերյալ, որոնք անձը մտադիր է այցելել։

Անձնագիր չի տրամադրվի (փոխանակվի) այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: ԴԱՀԿ համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---