Լավրով. ՀՀ-ն որոշել էր վերագործարկել Ադրբեջանի խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ գտնվող իր սահմանակետը

Լավրով. ՀՀ-ն որոշել էր վերագործարկել  Ադրբեջանի խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ գտնվող իր սահմանակետը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հուլիսին տեղի ունեցած միջադեպին ՀՀ և Ադրբեջանի սահմանին, որպես սրացման պատճառներից մեկը նշել է «աշխարհագրական գործոնը», երբ «հայկական կողմը որոշել է վերագործարկել ադրբեջանական արտահանող խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա գտնվող իր սահմանակետը»։

Ըստ նրա՝ «դա առաջացրել է մի կողմի մեծ անհանգստությունը և մյուսի չարդարացված պատասխան արձագանքը, ինչն արդյունքում թափ է հաղորդել դիմակայությանը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»։

ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ մարտական բախումները տեղի են ունեցել ոչ թե ԼՂ հետ շփման գծում, այլ ՀՀ և Ադրբեջանի պետսահմանի հատվածում։ Նա հավելել է, որ դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի 2-րդ ամենամեծ խախտումն էր։

Ինչպես նշել է Լավրովը, ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։

«ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը այդ ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրի ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում, ռուսական կողմի ակտիվ միջնորդությամբ, թեև ոչ առաջին փորձից, հուլիսի 16-ից հաջողվել է դուրս գալ հրադադարի ռեժիմի»,- ասել է նա։

Լավրովն ասել է նաև, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ։

«Հուսով ենք, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շատ շուտով կվերսկսվեն։ Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերների հետ միասին»,- ասել է նա։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվել են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվել: Հայկական կողմը 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ից իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---