Ուսանողները վարձի մասնակի փոխհատուցման խնդրանքով դիմել են գործադիրին

Ուսանողները վարձի մասնակի փոխհատուցման խնդրանքով դիմել են գործադիրին

PanARMENIAN.Net - Ուսանողները Երևանի պետական համալսարանից երթով հասել են Կառավարության շենք՝ գործադիրին փոխանցելու ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջը: Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը։

Ուսանողները նշել են, որ համավարակով պայմանավորված՝ իրենց ընտանիքները ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարողանում վճարել ուսվարձը, գրում է Panorama.am-ը:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը մոտ 5300 ուսանողի ստորագրած դիմում-պահանջը փոխանցել է Կառավարության ներկայացուցչին:

«Ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում Կառավարությունից կստանանք դրական արձագանք: Շուտով մոտենում է վարձի վճարման սահմանված ժամկետները, եթե չվճարեն, դուրս կմնան ուսանողները: Մինչ այսօր ունենք նախորդ կիսամյակի վարձը չվճարած շատ ուսանողներ»,- ասել է նա:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ, այդ նամակն անպայման հիմք կընդունեն որոշումների կայացման համար:

Ափոյանը նշել է, որ առաջին կուրսեցիների վարձի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, իսկ նախորդ կիսամյակից դեռևս մնացած պարտք ունեցողները պետք է վճարեն մինչև սեպտեմբերի 18-ը:

«Եթե պատրաստվում եք ծրագիր մշակել, միգուցե փորձեք կարգադրել կամ հրահանգել բուհերին, որպեսզի այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն մինչև ծրագիրը մշակեք»,- առաջարկել է Ափոյանը:

Կառավարության ներկայացուցիչն ասել է, որ խնդրանք-պահանջը կփոխանցի վարչապետին:

ԵՊՀ-ում 500 ուսանող դեռ նախորդ կիսամյակից վարձի պարտք ունեն, իսկ առաջին կուրսեցիների համար վարձավճարը թանկացել է 70-160 հազար դրամի չափով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---