ԿԲ-ն կանխատեսում է թույլ գնաճի պահպանում

ԿԲ-ն կանխատեսում է թույլ գնաճի պահպանում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը հայտարարել է, որ 2020-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է բանկի կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվության սպասվածից ցածր ցուցանիշը պայմանավորվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ։

Չնայած ապրանքահումքային շուկաներում թույլ գնաճային միջավայրի պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցություն չի դրսևորվի:

2020 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.8%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1%։

Նշվում է, որ առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ է եղել մասնավոր ծախսերի կրճատումը, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ:

Իսկ նշված փաստացի զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության և այդ պարագայում հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Բացի այդ, Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով՝ սահմանելով 4.25%:

ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը կլինի 5.75%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%

ԿԲ Խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջինաժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---