ՊԵԿ-ը վճռական է լինելու հագուստի մաքսազերծումը լիարժեք իրականացնելու հարցում

ՊԵԿ-ը վճռական է լինելու հագուստի մաքսազերծումը լիարժեք իրականացնելու հարցում

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վճռական և հետևողական է լինելու հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ Այդ մասին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։

Ընդ որում, օրենքի պահանջի մասին բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։

«ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին՝ նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի գործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։

Հագուստ ներկրողներն արդեն մի քանի օր է բողոքում են ապրանքների մաքսազերծման կարգի փոփոխության դեմ: Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ Հայաստանում այսուհետ հագուստը կմաքսազերծվի ոչ թե կիլոգրամով, այլ՝ քանակով: Հագուստ ներկրողները մինչ օրս, օրինակ, Թուրքիայից ներկրված հագուստի մեկ կիլոգրամի համար էին վճարում, իսկ այժմ պետք է վճարեն հատով՝ բոլոր կտորների համար առանձին:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը