Ջալալ Հարությունյանի մարտակոչը․ Հաղթանակը հեշտ չի տրվելու, մի կողմ դրեք տարակարծությունը

Ջալալ Հարությունյանի մարտակոչը․ Հաղթանակը հեշտ չի տրվելու, մի կողմ դրեք տարակարծությունը

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը մարտակոչով է դիմել հանրությանը։

Հակիրճ ներկայացնելով սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված գործողությունները, նա նշում է, որ ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

«Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք», - նշել է նա:

«Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն», - նշվում է մարտակոչում:

«Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքը: Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը: Մեզ հետ է արդարությունը: Մեզ հետ է Աստված: Հաղթանակը մե՛րն է լինելու», - եզրափակում է Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա՝ հրթիռահրետակոծելով ու օդային հարվածներ հասցնելով, այդ թվում, խաղաղ բնակավայրերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---