Արցախի ԱԳՆ․ Ադրբեջանական բանակը թիրախավորում է լրագրողներին

Արցախի ԱԳՆ․ Ադրբեջանական բանակը թիրախավորում է լրագրողներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը թիրախավորում է տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, որոնց առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան PRESS տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ լրագրողների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը և կյանքին իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է Արցախի տարածքում՝ ապահով վայրում»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 1-ին Մարտունիում հրետակոծություններից վիրավորվել էին տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։Հրետակոծությունից վիրավորվել էր 4 լրագրող, որից 2-ը՝ ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ։ Ֆրանսիացի լրագրողներից մեկի վիճակը ծանր էր, սակայն արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ստեփանակերտում վիրահատվելուց հետո, նա տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ հետո տարհանվել Ֆրանսիա։ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 1-ին Արցախում թիրախավորել են նաև Agence France Press գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։

Միջազգային և տեղական տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է հակառակորդի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---