Մարուքյանը գլխավոր դատախազին առաջարկել է փոխել Ծառուկյանի կալանքը

Մարուքյանը գլխավոր դատախազին առաջարկել է փոխել Ծառուկյանի կալանքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը վերանայելու առաջարկով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դիմել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այս մասին Facebook-ուն հայտնել է ինքը` Մարուքյանը, ասելով, որ առաջարկն անում է` ելնելով նրանից, որ երկրում պատերազմ է։ Նա առաջարկում է Ծառուկյանին ազատել կալանքից` չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Խորհրդարանական բոլոր ուժերը մի կողմ են դրել ներքին տարաձայնություններն ու հայտնել միասնական կամք՝ պայքարելու արտաքին թշնամու դեմ և ամուր պահելու մեր պետության թիկունքը:

Մինչդեռ, սեպտեմբերի 25-ից կալանավորված է մեծությամբ 2-րդ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն, խորհրդարանում քաղաքական կամք ձևավորող ուժի ղեկավարը, ըստ էության, չի կարող իր լիարժեք մասնակցություն ունենալ երկրի համար կարևորագույն իրադարձությունների այս փուլում»,- նշել է պատգամավորը։

Մարուքյանի խոսքով` Ծառուկյանն իր կողմից տիրապետվող ռեսուրսներով և միջազգային կապերով կարող է իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման և այլ ուղղություններով աշխատանքներում։

Ըստ Մարուքյանի` դեռ արձագանք չի ստացել դատախազությունից։

Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---