Իրանի փոխոստիկանապետ․ Ադրբեջանը ներողություն է խնդրել մեր տարածքում հայտնված արկերի համար

Իրանի փոխոստիկանապետ․ Ադրբեջանը ներողություն է խնդրել մեր տարածքում հայտնված արկերի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար, հայտարարել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզաին, փոխանցում է Tasnim News Agency-ն։

Նա նաև մտահոգություն է հայտնել ռազմական էսկալացիայի առիթով ու նշել, որ իրանցի սահմանապահները պաշտոնապես նախազգուշացրել են կողմերին, երբ իրենց սահմանում արկեր ու հրթիռներ են հայտնվել։ Ըստ նրա՝ ադրբեջանական ու հայկական կողմերն ընդունել են, որ սխալվել են։

Ռեզաին նշել է, որ ադրբեջանական կողմի հետ սահմանամերձ գոտում են հանդիպել, վերջիններս ներողություն են խնդրել մի շարք արկերի և հրթիռների՝ սխալմամբ Իրանի տարածքին հարվածելու համար։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ պաշտոնական Թեհրանը միջոցներ կձեռնարկի, եթե ԼՂ հակամարտության գոտուց հարվածներ հասցվեն իրենց տարածքին։ ՊՆ ղեկավար Ամիր Հաթամին նշել էր, որ ոչ մի պարագայում իրենց համար ընդունելի չէ, որ անզգուշությամբ արձակված գնդակները դիպչեն իրենց տարածքին։

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ ադրբեջանական արկերի և իրենց բանակում կռվող ահաբեկիչների՝ Իրանի տարածքում հայտնվելու վտանգ կա, և իրանցիներն այդ առիթով զգուշացրել է Ադրբեջանին՝ ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---