ՊՆ․ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է

ՊՆ․ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ Արցախում մարտական գործողություններն առավոտից նոր թափով են սկսել, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ծանր ու համառ մարտեր են ընթանում հատկապես հարավում։

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի՝ Արցախում տարբեր քաղաքներ ու գյուղեր գրավելու մասին կեղծ հայտարարություններին։

«Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակում մեծ ազդեցություն ունեն օտար պետության՝ իր համար թեկուզ բարեկամ, ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Կա մտահոգություն, որ ռազմավարական առումով կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում։ Կամ միտումնավոր, կամ հանգամանքներն են այդպիսին, երբ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում և խաթարվում է կառավարման համակարգը։ Հնարավոր է, որ հայտնվել է այդ ծուղակում»,- հայտարարել է նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանի մշակած լայնածավալ օպերացիայի առաջին փուլի ինտենսիվությունն ավելի բարձր էր, սակայն այն կասեցվել է պաշտպանության բանակի կողմից, իսկ պատերազմի թափի համեմատ՝ ադրբեջանի ռազմական հաջողությունները շատ փոքր են եղել։

«Այդպիսի ուժեր կիրառող կողմի նման օպերացիայի առաջիկա խնդիրը միայն տասյնակ կիլոմետր է, հետագա խնդիր՝ 30-40 կմ։ Եթե 5 օրվա ընթացքում նման ուժ ես կիրառում ու չես հասնում այդպիսի խորության, ուրեմն տապալել ես օպերացիան։ Մնացած ամեն ինչը թոզփչոցի է»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչը տեղեկացրել է նաև, որ Նախիջևանի հատվածում մարտական գործողություններ չկան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---