ԱՆ․ Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց

ԱՆ․ Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով լարված համաճարակային իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հորդորում է հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով։

Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։

Համաձայն հանրապետությունում գործող սանիտարական կանոնների՝ հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով գործառույթների անխափան իրականացումը: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց:

Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են 65 և բարձր տարիքի անձինք, ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք, հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք:

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 61,460-ի՝ 1465 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։ Փաստացի բուժվում է 13,919 անձ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1056 դեպք կա, այլ պատճառով՝ 314։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---