$2․5 մլն` «1000 դրամի» հիմնադրամին․ Առաջիկայում հատուցումները կսկսեն տրամադրել

$2․5 մլն` «1000 դրամի» հիմնադրամին․ Առաջիկայում հատուցումները կսկսեն տրամադրել

PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պատերազմի առաջին օրից` սեպտեմբերի 27-ից ի վեր նվիրաբերվել է ավելի քան 2.5 միլիոն դոլար: Արդեն առաջիկա օրերին կսկսեն հատուցումներ տրամադրել նաև սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, վիրավորված զինծառայողներին ու կամավորներին: Այդ մասին հայտարարել է Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նվիրատվությունները կատարվել են 58 երկրից, առավել ակտիվ մասնակցել են Հայաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին։ Հիմնադրամի հիմնական եկամտի աղբյուրն աշխատող քաղաքացիների աշխատավարձից ամսական գանձվող 1000-ական դրամներն են:

Ավետիքյանը նշել է, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ փորձում են շահառուների մասին տեղեկատվություն ստանալ:

«Մոտ օրերս կառավարությանը կներկայացնենք որոշակի փաթեթ, որոշումների նախագծեր, որոնք անհրաժեշտ են, որ կառավարությունն ընդունի, որպեսզի կարողանանք ավելի քիչ թղթաբանություն օգտագործելով սկսենք հատուցումները: Ամեն ջանք ներդնում ենք մեր ՊՆ գործընկերների հետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որպեսզի շուտ կարողանանք կոորդինացնել այդ որոշումները, ներկայացնել, ընդունել, որպեսզի թղթաբանությունը կրճատենք», - ասել է Ավետիքյանը:

Հիմնադրամը մոտ 420 շահառու ունի: Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին և կամավորին հատուցում են 130-170 հազար դոլար:

«20 հազար դոլար մեկ անգամից ենք տալիս, ապա 20 տարի շարունակ` 240 ամիս, ամսական 400-ից 600 դոլար: Մենք 3 աղբյուր ունենք գումարների ստացման. առաջինը 1000 դրամներն են, որոնք վճարվում են, երկրորդը նվիրաբերություններ են, և էլի զգալի գումար ստանում ենք այդ ֆոնդի միջոցները կառավարելու արդյունքում եկամուտներից: Ես կուզեմ ասել, որ, օրինակ` նախորդ տարի այդ ֆոնդի միջոցները կառավարելիս մենք շուրջ 2.5 միլիոն դոլար եկամուտ ենք ստացել, որը կուտակվել է հիմնադրամում: Որևէ աղբյուրից ստացված եկամուտը կուտակվում է հիմնադրամում և բաշխվում է ըստ նպատակի, այսինքն` զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին և կամավորականներին, այսինքն` այլ նպատակ օգտագործման չկա», - մանրամասնել է հիմնադրամի տնօրենը:

1000 դրամների հիմնադրամի գործունեության մեկնարկին աջակցությունը տարածվում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, այնուհետև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կայացրած որոշումներով շահառուների ցանկը 2 անգամ ընդլայնվեց` նախ ընդգրկելով 2015-2016 թվականների, այնուհետև 2008-2014 թվականների ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռքբերածներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---