Փաշինյան․ ՌԴ-ն ԼՂ-ում հակաահաբեկչական գործողությունների պատճառներ ունի

Փաշինյան․  ՌԴ-ն ԼՂ-ում հակաահաբեկչական գործողությունների պատճառներ ունի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը լեգիտիմ իրավունք ու պատճառ ունի արձագանքելու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից կռվող սիրիացի ահաբեկիչներին, քանի որ նրանք սպառնալիք են ներկայացնում ՌԴ-ի համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արաբական մի շարք երկրների լրատվամիջոցներ գրել են այն մասին, որ ահաբեկիչները մարտի դաշտում պարտվելուց հետո «ցրվել են տարբեր կողմեր»։

Թուրքիան ակտիվ ռազմական և մարդուժի աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։ Թուրքական կողմը տարածաշրջան է բերել նաև վարձկան ահաբեկիչների Լիբիայից ու Սիրիայից՝ կռվելու Արցախի դեմ։

«Ինձ համար ակնհայտ է, որ պարտված ահաբեկչական խմբավորումներից անհատներ կամ խմբեր Լեռնային Ղարաբաղից պարզապես տեղափոխվում են Ռուսաստան, քանի որ ՌԴ-ն ընկալում են որպես թշնամի՝ այնպես, ինչպես ԼՂ-ն կամ Հայաստանը։ Հարցն այն է՝ ինչպես է այստեղ շարունակվելու այդ գործընթացը։ Կսպասի՞ ՌԴ-ն, որ այդ տարրերը տեղափոխվեն իր տարածք, և այնտեղ նախաձեռնի հակաահաբեկչական արշավ կամ գործողություններ։ Չգիտեմ, հնարավոր է, և ՌԴ կառավարությունում կամ հատուկ ծառայություններում քննարկվում է հակաահաբեկչական գործողություններ սկսել հենց տեղում ու նաև Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ է սկսել իրենից բավական հեռու Սիրիայում, քանի որ սիրիացի զինյալների ու ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք էին ՌԴ ազգային անվտանգությանը։ Փաշինյանը նշել է, որ այժմ այդ ահաբեկիչներն ավելի մոտ են ՌԴ-ին։

«Սա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, ես կարծում եմ, որ Ռուսաստանն ունի լեգիտիմ իրավունք և հիմքեր՝ արձագանքելու այս իրավիճակին»,- հայտարարել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---