«Կոմերսանտ»․ Մի քանի շաբաթ առաջ Պակիստանից գրոհայիններ են մեկնել Ղարաբաղ

«Կոմերսանտ»․ Մի քանի շաբաթ առաջ Պակիստանից գրոհայիններ են մեկնել Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ» թերթը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, գրում է, որ Պակիստանի Փեշավարից «մի քանի շաբաթ առաջ գրոհայինների առնվազն մեկ խմբավորում, զենքով և զինամթերքով, արդեն ուղարկվել է Ղարաբաղ»։

Հնդկական WION հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում մարտական գործողություններին մասնակցում են գրոհայիններ նաև Պակիստանից։

Պարբերականի հետ զրույցում Աֆղանական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Սերենկոն ասել է, որ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայությունները դա անում են ոչ պաշտոնապես, այլ այնպես, ինչպես սովորել են Աֆղանստանի և Հնդկաստանի դեմ հիբրիդային պատերազմի երկար տարիների ընթացքում։ Նրանք գործի են դնում Պակիստանի Միջգերատեսչական հետախուզության կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությունների ցանցը։ Խոսքը «Ջամահաթ ի Իսլամի», «Ջաիշ ի Մուհամեդ», «Ալ Բադր» կազմակերպությունների մասին է։

Պարբերականը նշում է, որ, կտրականապես ժխտելով ԼՂ հարցում ռազմական գործակցությունը, Բաքուն և Իսլամաբադը չեն թաքցնում, սակայն, որ քաղաքական և դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում միմյանց։

Դա հաստատում է ԱՄՆ մեկնելուց առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մահմուդ Կուրեշիի հետ։ Պակիստանի ԱԳՆ-ն «լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին»։

«Պակիստանը հավատում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Բաքվի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղում և գրավյալ տարածքներում կվերականգնվի»,-ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ սատարելով Ադրբեջանին ԼՂ հարցում՝ Պակիստանն աջակցություն է ստանում Բաքվից «Քաշմիրի հարցում»։

Սերենկոն նշել է նաև․ «Ղարաբաղյան խաղին Իսլամաբադի միանալու հիմնական պատճառը թորք-պակիստանյան հատուկ հարաբերություններն են։ Պակիստանի բանակի վերնախավը միշտ գնահատել է դաշինքն Անկարայի հետ՝ այն աստիճանի, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր 1991թ․ Պակիստանն այդպես էլ չի ճանաչել ՀՀ անկախությունը։ Մինչ օրս Իսլամաբադն ու Երևանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Վերջին շրջանում տեղեկություններ հայտնվեցին, որ Պակիստանում գրոհայիններ են անդամագրում ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար՝ սա ևս մեկ ժեստ է թուրք դաշնակցի հասցեին»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---