Էստոնիայից լրագրողը` հայերի հյուրասիրության ու պատերազմի օրերին մարդկանց սնունդն ուտելուց ամոթի զգացման մասին

Էստոնիայից լրագրողը` հայերի հյուրասիրության ու պատերազմի օրերին մարդկանց սնունդն ուտելուց ամոթի զգացման մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմը լուսաբանած էստոնական «Դելֆիի» լրագրող Ռոման Ստարապոպովն իր հայրենիք վերադառնալուց հետո սյունակ է գրել գործուղումից տպավորությունների մասին, ի թիվս այլ բաների առանձնացնելով իրեն հանդիպած հայերի վերաբերմունքը։

Նրան ամենից շատ ապշեցրել է Ստեփանակերտի բնակիչների՝ իրեն հյուրասիրելու ձգտումները։ Նա պատմում է սրճարանի տեր Հովիկի մասին, որն իր բոլոր հյուրերին կերակրում էր անվճար։ Լրագրողը հիշում է՝ անհարմարության ինչպիսի զգացումով էր ստիպված խուսափել պատերազմի տակ գտնվող մարդկանց հյուրասիրությունից։

Ադրբեջանական հրետակոծությունից տուժած տներից մեկի մոտ հարցազրույց անելուց հետո մի տատիկ լրագրողին խնդրել է չհեռանալ, ապա վերադարձել է կուկուրուզի քաղցր ձողիկներով, արագ պատրաստման լապշայի և թեյի տուփով․ «Որերորդ անգամ պատրաստ էի գետինը մտնել»։

Մի քանի օր անց փողոցում մի տղամարդ հրավիրել է նրան իր տուն հյուր․ «Երբ շեմը հատեցի, քար կտրեցի։ Այնտեղ եկնահող էր։ Նախօրեին ընտանիքը թաղել էր ճակատում զոհված 20-ամյա որդուն»։

Լրագրողը նշում է, որ եթե անգամ ընտանիքը սև օրվա համար պաշարած ուտելիք ունի, հյուր ունենալուն պես այդ ամենինչը փռում է սեղանին։

Ստարապոպովը պատմում է, որ սնունդ բաժանող մի հայ տղայի հետ հյուրընկալվել է Երևանում արցախցի փախստական ընտանիքի։ Նրանք բերել էին նպարեղեն, բանջարեղեն ու միրգ, տանը կար 5-6 տարեկան աղջիկ երեխա։ Տանտիրուհին՝ դիմավորելով հյուրերին, թասով կոնֆետներ և վաֆլիներ է դրել սեղանին՝ նրանց առաջ։

«Իմ օրինակով հիշում եմ, որ երախաների համար քաղցրն ամեն ինչ է։ Տանտիրուհին հարցնում է՝ ինչու չեմ օգտվում հյուրասիրված քաղցրավենիքից։ Հազիվ եմ զսպում զգացմունքներս, ստում եմ,թե տանել չեմ կարողանում քաղցրը։ Կինը համառորեն առաջարկում է սուրճ կամ թեյ։ Համաձայնում եմ թեյի, չնայած չեմ ուզում»,- պատմում է հեղինակը։

«Ես ծանոթացա Հայաստանի ու իր ազգի հետ այս՝ ամենադժվար ժամանակներում, երբ լեռնային Ղարաբաղում թեժ մարտեր են։ Գալով մարտական գործողությունների գոտի՝ խաղաղ բնակիչների կենցաղը ցույց տալու նպատակով, բացարձակապես չէի սպասում նման ընդունելության արժանանալ», - նշում է նա։

Հեղինակը եզրակացնում է, որ պիտի վերադառնա՝ հանդիպելու Հայաստանի հետ խաղաղ երկնքի տակ, ու արցախյան կոնյակով խմի խաղաղության ու հյուրասեր ազգի կենացը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---