ՌԴ ԱԳ նախարար․ ՀՀ ընդդիմությունը շահարկում է ԼՂ-ում զինադադարի մասին համաձայնությունը

ՌԴ ԱԳ նախարար․ ՀՀ ընդդիմությունը շահարկում է ԼՂ-ում զինադադարի մասին համաձայնությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղում զինադադարի և Հայաստանում բողոքի ցույցերի մասին, հայտարարել է, որ ընդդիմությունը շահարկում է ԼՂ-ում զինադադարի վերաբերյալ համաձայնությունը։

«Մոսկվան տեսնում է, թե ինչպես է ընդդիմությունն ուզում շահարկել ԼՂ վերաբերյալ համաձայնությունը։ Անշուշտ, կան նաև անկեղծ մարդիկ, որոնց համար վիրավորական է, որ այս փուլում ամեն ինչ այսպես է ավարտվում», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պատրանքներ չպետք է լինեին, թե ԼՂ շուրջ 7 շրջանը պետք է առհավետ նույն վիճակում մնային, ինչ մեկ-երկու ամիս առաջ։ Կարծում եմ, որ պատասխանատու իշխանությունները պետք է պարզաբանեին բնակչությանը, որ կարգավորման ինչ-որ փուլում հարկ կլինի կյանքի կոչել այն սկզբունքները, որոնք տարիներ շարունակ եղել են բանակցությունների սեղանին, առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և, ըստ իս, իդեալական ճանապարհ էին առանց արյունահեղության այդ հարցը կարգավորելու համար՝ առանց վտանգելու որևէ մեկի անվտանգությունը, առաջին հերթին, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հայերի և այնտեղ ապրող այլ էթնիկ խմբերի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունը»։

Լավրովի կարծիքով, բոլոր հաղորդակցությունների՝ տրանսպորտային, տնտեսական, ապաշրջափակումը մեծ դրական դեր կունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում ՀՀ տնտեսության վերելքի համար, որը բոլորից շատ է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտրային և տրանսպորտային կապերի խզումից։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---