Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել միանալ ԼՂ-ում հումանիտար ջանքերին, խոսել է ՀՀ վարչապետի տղամարդկությունից

Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել միանալ ԼՂ-ում հումանիտար ջանքերին, խոսել է ՀՀ վարչապետի տղամարդկությունից

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վիդեոկոնֆերանսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, աջակցություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ՀԱՊԿ անդամներին կոչ արել միանալ հակամարտության շրջանում հումանիտար ջանքերին։

Պուտինն ասել է, որ ներկայումս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողական իրագործվում է։ Լաչինի միջանցքով և շփման գծում խաղաղապահներ են տեղակայվել։

«Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանից ակտիվ միջնորդական ջանքեր պահանջվեցին ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի ամբողջական դադարեցմանը հասնելու և ստաբիլիզացիայի գործընթացը սկսելու համար»,- նշել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հիմա կարևոր է մարտական գործողությունների շրջանում տուժած մարդկանց միահամուռ օգնություն ցույց տալը՝ հումանիտար խնդիրների լուծման, փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, պատմական և հոգևորամշակութային կոթողների պաշտպանության ոլորտներում։

Նա ասել է, որ ռուսական կողմը Երևանի և Բաքվի համակարգմամբ զբաղվում է բոլոր այս հարցերով, սակայն հետաքրքրված է հումանիտար ջանքերին ԱՊՀ և ՀԱՊԿ բոլոր գործնկերների միացմամբ, քննարկում են նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ գործակցության հնարավորությունը։

«Մենք շատ լավ գիտենք, իսկապես Հայաստանը և հայ ժողովուրդն ապրում է պատմական շատ բարդ ժամանակներ, և ՀՀ ղեկավարությունը, կառավարությունը, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց հայ ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ։ Պետք է ասեմ, որ այդ որոշումներն իհարկե ցավոտ են, բայց ևս մեկ անգամ ընդծում եմ՝ անհրաժեշտ էին»- նշել է նա՝ ընդգծելով, որ դրանք Հայաստանի վարչապետի կողմից պահանջում էին անձնական մեծ տղամարդկություն։

«Սա ակնառու է, և այսօրվա ժողովին ներկա յուրաքանչյուրը հասկանում է նման տեսակի որոշման պատասխանատվության աստիճանը, նա այդպիսի պատասխանատվություն վերցրեց իր վրա։ Մեր խնդիրն այն է, որ աջակցենք հիմա անձամբ վարչապետին և իր թիմին, որպեսզի խաղաղ կյանք դասավորվի, իրագործվեն բոլոր որոշումները և օգնություն ստանան դժվար կյանքի պայմաններում հայտնված մարդիկ»,- ամփոփել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---