Արցախի նախագահ․ Կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը

Արցախի նախագահ․ Կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա իր ուղերձում հայտարարել է, որ պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին արցախցիները հաղթահարել են բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ:

«Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան»,-ասվում է ուղերձում:

Դեկտեմբերի 10-ին ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է:

Նշվում է, որ թե 1991 թվականին և թե 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:

«Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր»,-ասվում է ուղերձում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---