ՄԻՊ․ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրները լուծված չեն, սահմանազատումն էլ ավելի է խորացնում

ՄԻՊ․ Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրները լուծված չեն, սահմանազատումն էլ ավելի է խորացնում

PanARMENIAN.Net - Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել, հատարարել է մարդու կիրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը Սյունիք երկօրյա այցի ընթացքում եղել է Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրերում, քննարկումներ ունեցել Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ:

Թաթոյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Google քարտեզով կամ GPS համակարգով սահմանազատման աշխատանքներին՝ ընդգծելով դրանց ոչ միանշանակ լինելը։ Ըստ նրա՝ այդ մոտեցումն անմիջականորեն վտանգում է սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքը: Նրա խոսքով՝ խոշորացված Տեղ համայնքում մարդիկ զրկվում են 2000 հեկտար հող մշակելու հնարավորությունից, Արավուսում՝ 30 հա համայնքային և 9 հա մասնավոր հողակտորներից։

«Անհրաժեշտ է հասկանալ նաև՝ ինչու է ադրբեջանական կողմն առնվազն Սյունիքի մարզի այն վայրերի հետ կապված, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, անվերապահ հիմք ընդունում Գուգլ (Google) քարտեզային հավելվածները կամ GPS համակարգերը: Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ: Այդ պատճառով անարդարացի, իրենց չվերաբերող ծանրաբեռնվածություն է առաջանում ՀՀ զինված ուժերի անձնակազմերի համար, որոնք ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների հետ միասին իրականացնում են անձնուրաց ծառայություն»,-հայտարարել է ՄԻՊ-ը։

Թաթոյանի խոսքով՝ պետական կառավարման մարմինները պարտավոր են հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ տեղեկություններ նրանց վերաբերող հարցերի մասին, ընդ որում, պարտադիր չէ բոլոր աշխատանքներն անել հրապարակային: Ըստ ՄԻՊ-ի՝ այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---