ՄԻՊ-ն իր իրավասությունները շահարկողներին հորդորում է ուսումնասիրել Սահմանադրությունը

ՄԻՊ-ն իր իրավասությունները շահարկողներին հորդորում է ուսումնասիրել Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանում է ներկայացրել ՄԻՊ իրավասության հետ կապված շահարկումների վերաբերյալ՝ հորդորելով մանրամասն ուսումնասիրել իրավապահներին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և Հայաստանի միջազգային պայմանագրերը: Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«1. Եթե ինչ-որ մեկը չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ:

Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, Ոստիկանության, քննչական մարմինների կամ Դատախազության կամ դատարանի իրավասության ներքո: Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը:

Այլ հարց է, թե ՄԻՊ իրավասության հարցերը շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք, ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։

«2. Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաև երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաև համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում` առանց մասնավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակի համար նրանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որևէ հնարավոր խախտում»,- ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---