Բեգլարյան․ 21 քաղաքացիական սպանվել է գերեվարվելուց հետո

Բեգլարյան․ 21 քաղաքացիական սպանվել է գերեվարվելուց հետո

PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմի ընթացքում 60 քաղաքացիական անձ է զոհվել, որից 39-ը՝ պատերազմական գործողությունների ուղիղ թիրախավորման հետևանքով։ Այդ մասին հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«39 անձ զոհվել է քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու կամ էլ հեռահար հրետակոծության ժամանակ, իսկ 21 անձ էլ գերեվարվել են կամ էլ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում են մնացել և սպանվել։ Մեծամասամբ սպանվածների մարմինները գտել ենք, և դրանք վերադարձվել են հայկական կողմին»,–ասել է Բեգլարյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` մի քանի դեպք կա միայն, որ տեսանյութերի կամ էլ ականատեսների ասածների հիման վրա են եզրակացրել, որ քաղաքացիներին սպանել են, իսկ գերակշիռ դեպքում սպանվածների մարմիններն արդեն իսկ հայտնաբերել են։

Բեգլարյանը հայտնել է նաև, որ դեկտեմբերի 23-ին հրապարակելու են սպանված բոլոր քաղաքացիական անձանց տվյալները և յուրաքանչյուր դեպքի անհատական նկարագրություն, թե ինչ պայմաններում են նրանք սպանվել։ Նա ասել է նաև, որ շուրջ 40 անհետ կորած քաղաքացիական անձ էլ կա, որոնց մի մասը նորից սպանվել են։

Բեգլարյանը հավելել է նաև, որ ադրբեջանական կողմում առհասարակ հայ գերիների թիվը շատ է, սակայն կոնկրետ թիվ ասել չի կարող։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---