26 դեկտեմբերի 2020 - 11:24 AMT
Ռուստամ Գասպարյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուստամ Գասպարյանի հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանն Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ժամանակ, տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է. «Սա առաջին միջոցառումն է, որ ես մասնակցում եմ պատերազմից հետո: Այն խորհրդանշական է, քանի որ ցանկանում էի անձամբ ներկա գտնվել, վշտակցել լեգենդար Ռուստամ Գասպարյանի և մյուս նահատակների հարազատներին: Բացառիկ երևույթ է, երբ հայրը գնում է պատերազմ՝ իր հետ տանելով որդուն՝ պատրաստ լինելով զավակի զոհվելուն: Խոնարհվում եմ Ջանֆիդա գյուղի բնակիչների առջև, որ այսպիսի հերոս զավակներ են ծնել, դաստիարակել, ովքեր օրինակ են լինելու սերունդների համար: Մենք չպետք է հուսահատվենք, չպետք է հիասթափվենք, քանի որ ունենք Ռուստամի նման քաջեր, քանի որ մեծանում են փոքրիկ ռուստամներ: Խոնարհվում եմ բոլորիդ առջև»:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱՀ նախագահի հետ այցելել է նաև Սարդարապատ՝ Արցախյան պատերազմում զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում: «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհվել էր նաև նրա որդին՝ Ռաֆիկը։ Հակառակորդի անօդաչուն հարվածել էր նրա մեքենային։ Գասպարյանը պարգևատրվել էր Հայաստանի և Արցախի «Արիության մեդալներով», այլ հուշամեդալներով։