Թանդիլյան․ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա

Թանդիլյան․ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա

PanARMENIAN.Net - Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախում աշխատելու հերթական հնարավորությանը, գրել է, որ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։

Նա նշել է, որ Արցախ տեղափոխվելուն պես իրեն հաճախ են հարցնում՝ ինչ կարող են անել Արցախի համար, ինչպես աջակցել, ինչի կարիք կա։

«Հիմա ասում եմ՝ Արցախում ապրելու և աշխատելու կարիք կա։ Միգուցե հենց ձեզ համար ամենահարմար աշխատանքը չէ, բայց կունենաք ընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ հիմա Արցախում ապրող, ովքեր տեղեկատվություն ստանալու հասանելիություն չունեն, օգնեք մեզ գտնենք կադրեր, որովհետև միայն աշխատանքով կարելի է արժանապատիվ ապրուստ վաստակել, նույնիսկ եթե որոշ դեպքերում իր երազանքի աշխատանքը չէ, միևնույնն է՝ դա կարող է սկիզբ լինել, քանզի աշխատանքն է հաջողության հասնելու լավագույն ճանապարհը»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև ներկայացրել է, թե ինչ մասնագետների կարիք կա Արցախում՝ ջրմուղագործների (սանտեխնիկներ), Էլեկտրամոնտաժողների (ներքին աշխատանքների համար), օդափոխման համակարգերի տեղադրման վարպետների և այլն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---