ԱՆ․ Չի եղել դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի` ԴՆԹ արդյունքը սխալ է

ԱՆ․ Չի եղել դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի` ԴՆԹ արդյունքը սխալ է

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկյացրել կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ չի եղել որևէ դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է։

Հունվարի 5-ին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն էր արել` նշելով. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։

«Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ այդ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ սարքը, որն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:

Նշվում է նաև, որ մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 468 մարմին, որոնք առանց այդ հետազոտության այլ ճանապարհով հնարավոր չէր լինի նույնականացնել:

«Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել։

Մեկ ուրիշ պնդում էլ արվել է, թե իբր հիվանդանոցներից զինծառայողներ են «կորել»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում։ Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը հանդիսանում է պաշտպանության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---