Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը որոշել է գրանցվել Արցախում

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը որոշել է գրանցվել Արցախում

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Բաղդասարյանը որոշել է ՀՀ վերադառնալուն պես դուրս գալ հայաստանյան գրանցումից և գրանցվել Արցախում։ Նա նշել է, որ, երբ բարձրաձայնել է իր այդ մտադրությունը համայնքում, շատերը պատրաստակամություն են հայտնել միանալու այդ նախաձեռնությանը, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Ըստ նրա` դա առաջին հերթին հոգեբանական աջակցություն կլինի արցախցիներին, կվկայի, որ սփյուռքահայերն Արցախի ապագան տեսնում են ապահով, պաշտպանված և հայաբնակ՝ գնալով, ապրելով շենացնելով։

« Այսպես պետք է տարածքը հայկական պահել»,- ասել է նա։

Դիվանապետը նաև ներկայացրել է, թե համայնքն ինչ աջակցություն է ցուցաբերել Արցախին պատերազմի օրերին։

«2 փուլով դրամական օնություն է ուղարկվել «Հայաստան» հիմնադրամին, հատուկ վիրակապեր ենք ուղարկել առաջանագիծ։ Ասվել էր նաև, որ շտապ օգնության մեքենաների կարիք կա, սակայն պատերազմական գործողությունները դադարեցին և մեզ հայտնեցին, որ դրա կարիքն այլևս չկա։ Նիստի ժամանակ որոշվեց, որ հանգանակված գումարը և 3-րդ փուլի հավաքվող գումարը պետք է տրամադրվի Արցախին։ Եվս մեկ՝ 4 փուլով հանգանակություն պիտի անցկացնենք ու մի ծրագիր ֆինանսավորենք Արցախում՝ որևէ կրթական օջախի կամ մանկապարտեզի կառուցման կամ վերակառուցման համար»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---