ԵԽ․ ԼՂ խնդրի երկարատև կարգավորում դեռ չկա, դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող դերը

ԵԽ․ ԼՂ խնդրի երկարատև կարգավորում դեռ չկա, դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող դերը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և հիմնված լինի վերջինի հիմնարար սկզբունքների վրա, ասված է Եվրախորհրդարանի զեկույց-բանաձևում, որին արձագանքել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Եվրոպական խորհրդարանը հունվարի 21-ին ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերն առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում՝ կոչ անելով զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։

Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Զեկույց-բանաձևում ԵԽ-ն ողջունել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնությունը և կոչ արել Եվրամիությանն ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից ու այլ վայրերից ԼՂ վարձկան ահաբեկիչների տեղափոխման փաստը, խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների օգտագործումն արգելով կոնվենցիան։

Եվրախորհրդարանի հայտարարությանն ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է, որ ԵԽ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:

«Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան»,-հայտարարել է Նաղդալյանը, փոխանցում է Armenpress-ը։

Նա նշել է, որ ԱԳՆ-ն համաձայն է Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Թուրքիան նշանակալի աջակցություն է ցույց տվել այդ երկրին՝ ռազմական ու ռազմավարական առումներով։ Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը դատապարտել են մի շարք պաշտոնատար անձինք ու կառույցեր։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---