Եվրախորհրդարանում կոչ են արել Բաքվին վերադարձնել հայ ռազմագերիներին

Եվրախորհրդարանում կոչ են արել Բաքվին վերադարձնել հայ ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են արել ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո, և որ, բացի ողբալի, բայց մեկուսացված միջադեպերից, հրադադարը պահպանվել է: Սակայն անհրաժեշտ է ավելին՝ շատ անհրաժեշտ հաշտեցման հասնելու համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման և տարածաշրջանի շուրջ ապագա իրավական կարգավիճակի հստակեցումը մնում է նույնքան անհրաժեշտ, որքան երբևէ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հստակ վերահաստատել և պատրաստակամություն հայտնել՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացին՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա, արտացոլելով Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ պատգամավորները «նոր ազդակի ժամանակաշրջանում, որոնք բերել է ԱՄՆ նոր վարչակազմը», կրկնում են Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության շարունակական աջակցությունն այդ գործընթացին և սկզբունքներին:

«Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական իրականացումը անհրաժեշտ առաջին քայլն է և ցավալի է, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմում ենք Ադրբեջանին ՝ մնացած գերիներին ազատելու համար, որպեսզի վստահությունը վերակառուցվի: Մենք նաև կողմերին ենք հորդորում վերը նշված նպատակների համար ապահովել միջազգային կազմակերպությունների լիովին անկաշկանդ մուտքը՝ մարդասիրական օգնությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար: Այս խնդիրներն ընդգծում են բազմակողմ նոր ջանքերի անհրաժեշտությունը` հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Միավորված ազգերի կազմակերպությունը ևս պաշտոնական Բաքվին կոչ էր արել վերադարձնել հայ ռազմագերիներին, կառույցում մարդու իրավունքների փորձագետները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերեվարված ռազմագերիներն ու այլ անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։

Ավելի վաղ հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին էին խոսել նաև ԵՄ-ից։ Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---