Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանին 2 հողմակ է վերցրել՝ $5 մլն-ի վնաս պատճառելով

Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանին  2 հողմակ է վերցրել՝ $5 մլն-ի վնաս պատճառելով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ-ն դիտավորյալ ռազմական արարքներով խախտել են Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիների տնտեսական գործունեության միջազգայնորեն երաշխավորված իրավունքը՝ ընկերությանը պատճառվել է մոտ 5,000,000 դոլարի վնաս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ աշխատակազմը պարզել է, որ ՀՀ կառավարությունը 2000թ. ընկերությանն է տրամադրել Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) շրջանում 200 հա հողամաս և կնքել 30 տարով վարձակալության պայմանագիր: Հողատարածքը տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ։

Պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին, ադրբեջանական զինված ուժերը՝ զինվորական տեխնիկայով ու զինված ծառայողներով, պատերազմի սպառնալիքով անսպասելիորեն ներխուժել են ընկերության տարածք, և ընկերության աշխատակիցներն այլևս չեն կարողացել մուտք գործել այդ տարածք:

Արդյունքում՝ ընկերությունը զրկվել է Սոթքի 200 հա հողատարածքն օգտագործելու, 75 հա տարածքի վրա կառուցված 2 հողմակից ու դրանով ընկերությանը պատճառվել է մոտ 5 մլն դոլարի վնաս: Ընկերությունը հաստատված ծրագրով նախատեսել է ընդհանուր առմամբ ունենալ 23 հողմակ մնացած ամբողջ 200 հա տարածքի վրա, որի ուսումնասիրություններն արդեն արված էին: Այսինքն՝ ընկերությունը զրկվել է նաև առանձնապես խոշոր չափի բաց թողնված օգուտներից, ինչպես նաև տնտեսական գործունեությունը զարգացնելու հնարավորությունից:

«Ստացվում է՝ Ադրբեջանի ԶՈւ-ն զենքի կիրառության սպառնալիքով ՀՀ քաղաքացի գործարարներին զրկել է միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից այն տարածքում, որը նրանց հատկացվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա, ինչպես նաև հաստատվել Կառավարությունից անկախ ՀՀ մարմինների որոշումներով:

Իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների համար: Հարցն այն է, որ այդ տարածքները օգտագործվել են նաև արոտավայրերի և խոտհարքի համար, իսկ ներկայում արդեն դա դարձել է անհնար»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

ՄԻՊ աշխատակազմում ներկայում ամփոփվում են նշված հարցերը, դրանք կներկայացվեն միջազգային մարմինների ուշադրությանը,ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչին՝ կապված Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---