Սլավոնականի ռեկտոր․ Փաշինյանն ԱԱԾ միջոցով հրաժարականի պահանջ է փոխանցել

Սլավոնականի ռեկտոր․ Փաշինյանն ԱԱԾ միջոցով հրաժարականի պահանջ է փոխանցել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժերը լծել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին «պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը», հայտարարել է ինքը՝ Դարբինյանը:

«Համոզվելով, սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ: Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ և իմ համակիրների Դուք ունեք և ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, և եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել և քոքահան անել նիկոլիզմը հայաստանյան քաղաքական ասպարեզից»,- գրել է Դարբինյանը՝ վարչապետին ուղղված բաց նամակում։

Նա նշել է, որ իր ղեկավարած համալսարանի հիմքում որպես արժեքներ դրված են սերը, ազատությունը, արժանաատվությունը, արդարությունն ու ստեղծարարությունը, իսկ դրանք «տրամագծորեն հակառակ են վարչապետի անձի էությանը և հոգեկերտվածքին»։

«Կա ևս մի պատճառ՝ իմ և իմ գլխավորած համալսարանի նկատմամբ Ձեր թշնամանքի դրսևորման. դա Ձեր հակառուսական էությունն է, որը Դուք երբեք չեք թաքցնի, անգամ Ձեր այժմյան կռացած և վասալային կեցվածքի տակ: Գաղտնիք չէ, որ Հայ-Ռուսական համալսարանի մեկնարկը տրվել է ՌԴ վարչապետ Պրիմակովի և ՀՀ վարչապետ Դարբինյանի ջանքերով և որոշումներով, վերջինս իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է համալսարանի կայացմանը, և այսօր հպարտ է գլխավորել Հայաստանի լավագույն համալսարանը, որը նաև մեր երկրների և ժողովուրդների եղբայրական կապի և դաշնակցային հարաբերությունների դրսևորման բացառիկ օրինակ է»,-գրել է Դարբինյանը՝ հավելելով, որ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանն «այլևս անձնապես է պատասխանում ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի անվտանգության համար»։

Ռեկտորի հայտարարության մասով՝ մեկնաբանություն փորձեցինք ստանալ վարչապետի խոսնակից․ նա առայժմ զանգերին չի արձագանքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---