ՌԴ ԱԳ փոխնախարար․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը պետք է շարունակվի

ՌԴ ԱԳ փոխնախարար․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը պետք է շարունակվի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկո հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Նրանք մեծ ավանդ ունեն կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին Ադրբեջանին, փախստականների վերադարձին, ԼՂ-ն ՀՀ-ի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։

Ըստ նրա, նախկինի պես պահանջված է մնում հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը, որն ըստ 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի` վերապահված է Մինսկի խմբի համանախագահներին։ Համանախագահների եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում` կարգավիճակին առնչվող հարցերի փոխադարձաբար ընդունելի մոտեցումների մշակման գործում։

«Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա»,- ասել է Ռուդենկոն։

Փոխնախարարը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այժմ կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության մթնոլորտի միջոցառումների ամրապնդման գործում։ Ըստ նրա` երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանում կնպաստի իրավիճակի առողջացմանը տարածաշրջանում և նախադրյալների ձևավորմանը քաղաքական առումով հետագա քայլերի համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ՝ հավելելով, որ այժմ ԼՂ կարգավիճակի հարցի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ։ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար լրացուցիչ բանակցություններ են պահանջվում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---