Անհետ կորածների հարազատները Կառավարության դիմաց տեղեկություն են պահանջում իրենց զավակների մասին

Անհետ կորածների հարազատները Կառավարության դիմաց տեղեկություն են պահանջում իրենց զավակների մասին

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները փետրվարի 11-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի առաջ, նրանք պահանջել են հստակություն մտցնել իրենց հարազատների գտնվելու վայրի ու կարգավիճակի վերաբերյալ։

Զինծառայողների հարազատները ժամանակավորապես փակել են դեպի Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, դրանից հետո նրանց հետ հանդիպել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի հետ հանդիպումից հետո զինծառայողների հարազատները նախ հայտարարել են ակցիան դադարեցնելու մասին, ապա ոստիկանության հետ տեղի ունեցած միջդեպից հետո կրկին մոտ 30 րոպեով փակել ճանապարհը։

Զինծառայողների հարազատների հետ հանդիպումից հետո Թորոսյանը հայտարարել է, թե իր խոսքը սխալ մեկնաբանությունների առիթ է տվել։

Հանդիպման մասնակիցներն ավելի վաղ նշել էին, թե Արսեն Թորոսյանն անհետ կորած զինծառայողների հարազատներին ասել է՝ «պետք է շնորհակալ լինեք, որ այդ 5 գերուն բերել ենք»: Թորոսյանի հայտարարությանն ի պատասխան ծնողները շոկոլադ ու ծաղիկներ էին ուղարկել նրան՝ «որպես շնորհակալություն»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, թե որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, ինքը պատասխանել է, որ գործադիրնամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու համար։ Ասում է՝ օրինակ է բերել 5 գերու վերադարձի փաստը։

«Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ, պատկան բոլոր մարմիններն անում են հնարավորը»,-ասել է Թորոսյանը։

Ժամը 18։10-ի դրությամբ՝ զինծառայողների հարազատները դադարեցրել են իրենց ակցիան, Կառավարության շենքի առջև ակցիային մոտ 20 մասնակից կար և մոտ 30 ոստիկան։

Պատերազմից հետո Հայաստանում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների մասին տվյալները դեռ վերջնականապես հստակեցված են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---